Դավանաբանություն
Յուրաքանչյուր քրիստոնյա մարդու համար, վարդապետից մինչև շարքային հավատացյալը, իր հավատքի կյանքում միշտ էլ հանդիպում է այնպիսի հարցերի, որոնք լուծվում են դավանական մակարդակի վրա, դավանական բանաձևերի միջոցով։ Դա երևում է Ավետարանի, հենց իր՝ Քրիստոսի բազում պարադոքսալ հայտարարությունների օրինակով։
Օրինակ՝ Քրիստոս ասում է՝ «Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած։ Եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի։» (Հովհ. 6.51)։ Սա հիրավի զարմանալի հայտարարություն է, որովհետև մի կողմից Ավետարանը պատմում է, որ Քրիստոս մարմնով ծնվեց երկրային սովորական կնոջից, իսկ եթե ընկալենք երկնքից իջնելը որպես Աստծո Որդուն վերաբերող խոսք, ապա հասկանալի չէ, թե ինչպես կարելի է ուտել Աստծո Որդուն (առանց մարմնի), և ի՞նչ է նշանակում Քրիստոսի մարմինն ուտելը։ Սա մի հարց է, որ բոլորովին էլ տեսական չէ. չէ՞ որ յուրաքանչյուր հավատացյալ տարեկան մի քանի անգամ հաղորդություն է ընդունում, և պետք է իրեն հաշիվ տա, թե ինչպես է ինքը վերաբերում իր ընդունած հաղորդության հացին ու գինուն։ Իսկ այսպիսի մտքեր շատ կան Աստվածաշնչում։ Դրանցից յուրաքանչյուրի ծուռ մեկնաբանությունը կարող է սկիզբ տալ մի նոր աղանդի։ Այս բանը շատ լավ հասկանալով, եկեղեցու հայրերը առաջին իսկ դարերից, և հազարամյակներ շարունակ հոգացել են ճիշտ դավանաբանություն ունենալու համար։ Այդ ամենը գիտակցելով, մեր հրատարակչությունը լույս է ընծայում դավանաբանական լրջագույն հարցերին վերաբերող գրքեր։ Այդպիսիք են Խոսրովիկ Թարգմանչի Դավանական Երկերը, Կյուրեղ Ալեքսանդրացու Եբրայեցիների Թղթի Մեկնությունը, Գրիգոր Տաթևացու Ոսկեփորիկը, մասամբ նաև Սողոմոնի Գրքերի Մեկնությունը, Օգոստինոսի Խոստովանությունները։
Ի լրումն այս դասականների գրքերի, մենք աշխատում ենք հրատարակել նաև հոդվածներ դավանական թեմաներով։ Դրանք ներկայումս լուսաբանվում են մեր հատուկ աստվածաբանական կայքի՝ ArmenianTheology.com-ի էջերում։