Նոր գրախանութ բացվեց Երևանում
Երեկ երջանիկ օր էր ընթերցողների, գրավաճառների և հրատարակիչների համար Երևանում։ Նոր ֆիզիկական (ոչ առցանց) խանութ բացվեց Երևանում։ Գտնվում է Մաշտոցի 43 հասցեում, Մատենադարանի հարևանությամբ։ Հայերի համար ավելորդ է նշել այդ երկու անունների խոհրդանշական իմաստը։
Իրականում նոր գրախանութը Էպիգրաֆ գրախանութների ցանցի 4-րդ, ընդ որում ամենամեծ մասնաճյուղն է։
Ուրախալի էր, որ բացման արարողությանը ներկա էին ոչ միայն երջանիկ հայեր, այլև օտարազգի հյուրեր՝ իրենց երեխաների հետ միասին։
Ընդհանուր առմամբ, ողջ աշխարհում ֆիզիկական գրախանութները, որոնք վաճառում են տպագիր գրքեր, փակվում են՝ առցանց խանութների և թվային գրքերի հայտնվելով։ Մենք կցանկանայինք գովեստի անկեղծ խոսքեր ասել գրախանութների այս ցանցի կազմակերպիչներին, մասնավորապես Արամ Մեհրաբյանին, որը նաև հրաշալի գրքերի հրատարակիչ է, և հակառակ բոլոր դժվարությունների, ընդարձակում է գրախանութների ցանցը։ Էպիգրաֆ գրախանութները աչքի են ընկնում գեղեցիկ, ժամանակակից ոճով, որտեղ ոչ միայն գրքերը, այլև ընթերցողները իրենց զգում են, ինչպես տանը։ Կարելի է վստահ լինել, որ այս գրախանութը ևս կդառնա մշակույթը գնահատող ընթերցողների ձգողության կենտրոններից մեկը։
Մեզ համար ոչ պակաս կարևոր է, որ այս գրախանութի բացման օրից սկսած, Անկյունաքարի գրքերը գրավել են իրենց հարմարավետ տեղը այստեղ։ Մենք խրախուսում ենք ընթերցողներին այցելել այստեղm ծանոթանալու թե՛ մեր, թե՛ այլ հրատարակիչների գրքերին, և ոչ միայն գրքերին։
Ոմանց համար այս գրախանութի նկատմամբ ջերմությունը ավելի կմեծանա, եթե իմանան, որ այդ հարկի տակ ապրել է մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանը։
Բարի երթ, Էպիգրաֆ և Էպիգրաֆի ողջ կոլեկտիվ։
- Մուտք գործել կամ գրանցվել մեկնաբանելու համար