Skip to main content

Անկյունաքարի նոր հրատարակությունը՝ «Քվեբեկյան ժամանակակից դրամատուրգիա» երկու հատորով

«Ֆրանկոֆոն թատերական հանդիպումներ Հայաստանում» փառատոնի շրջանակներում նոյեմբերի 13-ին Երևանի Միրզոյան գրադարանում կայացավ «Քվեբեկյան ժամանակակից դրամատուրգիա» երկհատորյակի շնորհանդեսը, որի հյուրերի կազմում էին նաև թատերգությունների հեղինակները՝ Լարի Թրամբլեն, Դոմինիկ Պարանտո-Լըբոֆը, Մարի-Քրիստին Լը-Ու-ն, Դանիել ԼըԲլանը և Մարտեն Բելմարը, որոնք հատուկ այս առիթով ժամանել են Կանադայից։
Հանդիպումն անցավ ջերմ, անկաշկանդ մթնոլորտում, ներկայացվեցին բոլոր հեղինակները և նրանց գործերը, ընթերցվեցին հատվածներ ստեղծագործություններից՝ հայերեն և ֆրանսերեն։ Հեղինակները կիսեցին իրենց տպավորությունները, կարծիքները։
Ներկաներն ընդգծեցին նաև այն շահեկան փաստը, որ հրատարակությունը լինելով երկլեզու՝ ֆրանսերեն և հայերեն հանդիպադիր էջերով, անկասկած մեծապես նպաստելու է ֆրանսերեն լեզվի տարածմանը և մասնավորապես քվեբեկյան ժամանակակից գրականության հանրահռչակմանը մեզանում։
Երկհատորյակը հայ ընթերցողին գրադարաններում և գրախանութներում հասանելի կլինի հիմնական տպաքանակի տպագրումից հետո, ինչը տեղի կունենա շուտով։