E-mail: info@ankyunacar.com

ԱնկյունաքարՏպագիր և էլեկտրոնային հրատարակություններ

«Անկյունաքար» հետազոտական կենտրոն

Բառարանագրություն

«Անկյունաքար» հետազոտական կենտրոնը մշտապես հավաքում է հայոց լեզվի բառարանագրական տեղեկույթը՝ ներառյալ ամենավերջին զարգացումները, կիրառում է այդ տեղեկույթը՝ հայերենից տարբեր լեզուներ և տարբեր լեզուներից հայերեն բառարանների և զրուցարանների ստեղծման գործում։ Շարունակական բնույթի այս աշխատանքի արդյունքում ստեղծվել են «[check link]Անգլերեն-հայերեն արդի բառարանը», «Նոր անգլերեն-հայերեն բառարանը», «Անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն բառարանը», «Անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն բառարանը (հատուկ թողարկում)», «Անգլերեն-հայերեն համակարգչային եզրերի բառարանը», «Անգլերեն-հայերեն դարձվածաբանական բառարանը», «Անգլերեն-հայերեն բառարանը», «Հայերեն-անգլերեն բառարանը», «Հայերեն-պարսկերեն բառարանը» և հետևյալ զրուցարանները՝ «Հայերեն-անգլերեն զրուցարան», «Հայերեն-ֆրանսերեն զրուցարան»։ Բառարանների կառուցման ժամանակ ուշադրություն է դարձվում բառերի հաճախականային բաշխմանը՝ թե՛ հայերենում, և թե՛ այլ լեզուներում։ Այսպես, «Անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն բառարանը», որը լույս է տեսնում 1999 թվականից ի վեր և 2011-ին լույս տեսավ 5-րդ, լրացված հրատարակությամբ, ներառում է հայերենի և անգլերենի ամենագործածական բառապաշարը։

Հայոց բառաստեղծման նորագույն միտումները ուսումնասիրվում և կիրառվում են «Անկյունաքար հետազոտական կենտրոնում»։ Անհրաժեշտ, բայց պակասող տերմինաբանության համար ստեղծվում են նոր եզրույթներ, ինչպես նաև մշակվում են մեթոդներ՝ վերջիններս իրական կյանքում թեստավորելու համար՝ նախքան բառարաններում ներառելը։ Ավելին, նույնիսկ բառարաններում գրանցելուց հետո ուսումնասիրվում է, թե տվյալ եզրույթը որքանով է մտնում կիրառության մեջ. սա մշտական գործընթաց է։ Նմանօրինակ աշխատանքներից մեկն է «Անգլերեն-հայերեն համակարգչային եզրերի բառարանը» (Ս.Մ. Քոլին, Խ. Գրիգորյան), որի առաջին հրատարակության ժամանակ ստեղծվել են մի քանի հարյուր համակարգչային եզրերի հայերեն համազորները։ Բայց քանի որ այս կարգի բառարանը նորույթ էր հայաստանյան իրականության մեջ, երկրորդ հրատարակության ժամանակ այս բառաքանակը փոփոխվեց և ավելացավ։ Ներկայումս աշխատանքներ են տարվում բառարանի երրորդ հրատարակությունն իրականացնելու ուղղությամբ։

Լեզվաբանական-բառարանագրական աշխատանք կատարելիս հաշվի են առնվում թե՛ «Անկյունաքարի», և թե՛ այլ կազմակերպությունների ու անհատների պատվերով կատարվող թարգմանական աշխատանքներից, ինչպես նաև այլ թարգմանիչների պրակտիկայից ծագող բազմաթիվ բառարանագրական խնդիրները։ Մենք կապի մեջ ենք հայ թարգմանիչներից շատերի հետ, պահպանում ենք հետադարձ կապ գործածողի հետ։ Դրա վառ օրինակ է այն, որ 2010-ին լույս տեսած «Անգլերեն-հայերեն Արդի բառարանը» (ժամանակակից հայերենի երկլեզվյան ամենամեծ բառարանն է և ներառում է շուրջ 200 մասնագիտությունների բառապաշար) մշակվեց և ավելացվեց ևս 1000 բառով ու եզրույթով, և վերահրատարակվեց 2014-ին։ Ընդ որում, առանձին ոլորտի մասնագիտացված բառապաշարը մշակելիս հատուկ մոտեցումներ են կառուցվում տվյալ ոլորտի մասնագետների հետ միասին։

Մոտ ապագացում «Անկյունաքար հետազոտական կենտրոնը» ծրագրում է ընդլայնել եղած լեզուներով բառարանների և զրուցարանների շարքը, ինչպես նաև ուսումնասիրություն կատարել հայկական լեզվաբանական դպրոցի որոշ ավանդույթների վերաբերյալ։

Go to top of page